Աղբիւր՝ www.hyeli.com

 

Մեծ Բրիտանիայի արքայազներ Չարլզի եւ Հարիի` ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու որոշումից յետոյ Իրաքի հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Աւագ Ասատուրեանը նամակ է յղել նրանց` նշելով Հայոց ցեղասպանութեան հարցում նրանց պատասխանատւութեան մասին:

Նամակում արքեպիսկոպոսն ասել է. «Այս միջոցառումը ցոյց է տալիս, թէ ինչպէս է քաջալերւում մի ազգի յիշողութիւնները ոչնչացնելը»,- տեղեկացնում է «Երկիր»-ը:

Ասատուրեանը, որ Չանաքքալէի միջոցառումները որակել է «դաժանութեան եւ ժխտողականութեան յաղթանակ», յիշեցրել է 1915 թւականի իրադարձութիւնները «մարդկութեան դէմ յանցանք» որակող պետութիւնները, որից մէկը հէնց Անգլիան է եղել:

Նշելով նաեւ, որ Ուինսթոն Չերչիլը 1915 թւականի կոտորածները «ցեղասպանութիւն» է որակել, արքեպիսկոպոսը գրել է. «Անգլիան խօստացել էր պատժել Ցեղասպանութեան մեղաւորներին, իսկ 21-րդ դարում պարգեւատրւում է մի ողջ ազգի ցեղասպանողը»:

Յիշեցնելով նաեւ Հիտլերի յայտնի` «Ո՞վ է յիշում հայերի բնաջնջումը» խօսքը, Ասատուրեանն ասել է. «Ես ցանկանում եմ, որ արքայազն Չարլզը յիշի պատմութիւնն էլ, այս խօսքն էլ»: